Ադրբեջանի նպատակը ԼՂ հայ բնակչության էթնիկ զտումն է. Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը հունական Pentapostagma կայքին

0
445
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի «Ադրբեջանի նպատակն է հայերի էթնիկ զտումը – Բայրաքթարն Արցախում մահ է խորհրդանշում» վերնագրով ծավալուն հարցազրույցը հունական Pentapostagma լրատվական կայքին: Կից ներկայացնում ենք հարցազրույցը` հայերեն և հունարեն լեզուներով։
Հարց. Լարվածությունը սահմանին շարունակվում է այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը խախտել է Լեռնային Ղարաբաղի շփման գիծը` ռուսական խաղաղապահ առաքելության պատասխանատվության գոտում: Կարծում՞ եք, որ ադրբեջանցիների կողմից հետագա էսկալացիա կլինի՞, և եթե այո, ապա ինչ նպատակով։
Պատասխան. Ադրբեջանի նպատակը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումն է։ Ադրբեջանին պետք է Արցախն առանց հայերի։ Դա Ադրբեջանը չի թաքցրել երբեք։ Հասկանալու համար առկա վտանգները նայեք այսօրվա Նախիջևանին։ 1920 թ․-ից ի վեր այնտեղ մնացած տասնյակ հազարավոր հայկական մշակութային հուշարձաններից հետք չի մնացել։ Սա խոսքերով արտաբերելը դժվար է, քանի որ անպատկերացնելի վանդալիզմի մասին ենք խոսում։ Հայկական մշակութային ժառանգությունը, որն առկա է ամբողջ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի պատմության, դրա զարգացման տարբեր փուլերի նյութական վկայություններն են։ Դրանց առկայությունը հերքում է ադրբեջանական դիսկուրսն առ այն, թե պատմականորեն այս տարածքները իբրև թե հայերինը չեն։ Սրանով են պայմանավորված այն կործանումներն ու աղավաղումները, որոնք ուղղված են հայկական մշակութային հուշարձանների դեմ՝ անտեսելով անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, միջազգային բազմաթիվ դերակատարների կոչերը։
Բոլորիս աչքի առաջ է Ադրբեջանը գնում իրավիճակի սրացման, ընդ որում օգտագործելով քարոզչական բոլոր հնարքները, որպեսզի, ինչպես միշտ, մեղքը բարդի հայկական կողմի վրա։ Օրինակ, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան դատապարտում են Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և կոչ անում հետ քաշել զորքերը ելման դիրքեր։ Ադրբեջանը պատասխանում է, որ այն չի հարձակվել որևէ մեկի վրա ու «իր սեփական տարածքում» ելման դիրքեր չկան։ Ամբողջ աշխարհը խոսում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը հակադրվում է, թե չկա Լեռնային Ղարաբաղ միավոր ու չկա նման հակամարտություն։ Այսինքն, մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ ակնհայտ իրողությունների վերաբերյալ դիմացի կողմն ունի բոլորովին այլ պատկերացումներ։ Թերևս չկա Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով միավոր, այլ գրավված են Լեռնային Ղարաբաղի մաս կազմող մի քանի շրջաններ։
Նման ժխտողական կեցվածքին ավելանում է «5 կետանոց առաջարկությունները», որոնց Հայաստանը պատասխանել է եռանախագահների միջոցով։ Բայց քանի որ Ադրբեջանին ձեռնտու չէ, աշխարհով մեկ թմբկահարում են, թե պատասխան չեն ստացել։ Իրականում այդ «5 կետանոց առաջարկությունն» աչքի է ընկնում ոչ նրանով, թե ինչ է գրված այնտեղ, այլ նրանով, թե ինչ չի ներառված նրանում։ Ոչ մի խոսք չկա Լեռնային Ղարաբաղի մասին, դրա կարգավիճակի մասին, որը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և ԵԱՀԿ ՄԽ եռանախագահների միջնորդությամբ և նրանց մանդատի ներքո։ Հայկական կողմը հենց դա հաշվի առնելով՝ լրացված առաջարկ է կատարել։ Ադրբեջանը դրա գոյությունը մերժելով՝ գնում է էսկալացիայի։
Հարց. Ինչպիսի՞ն է ներկայիս իրավիճակն Արցախում: Կա՞ արդյոք Ուկրաինա ռուսական ներխուժման լույսի ներքո բռնկման հավանականություն։ Ի՞նչ եք կարծում, ռուսական ներխուժումն ինչպե՞ս է անդրադառնում Կովկասի տարածաշրջանի վրա։
Պատասխան. Իրավիճակն Արցախում այժմ պայթունավտանգ է, քանի որ Ադրբեջանը փորձում է օգտագործել միջազգային հանրության կենտրոնացումը Ուկրաինայի վրա, և հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության «վերջնական կարգավորման», համաձայն իր պատկերացումների։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերջին ագրեսիային հաջորդեց ԱՄՆ, Ֆրանսիայի, ՌԴ, նաև որոշ այլ երկրների, այդ թվում և Հունաստանի, կոչն անհապաղ դադարեցնելու զորքերի առաջ մղումը և վերադարձը մարտի 23-ի ելման դիրքեր: Ադրբեջանը, որը խախտել է 2020 թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունը սկսած նույն տարվա դեկտեմբերից, հղում է անում նույն հայտարարությանը և յուրովի մեկնաբանում դրա դրույթները՝ արդարացնելով իր գործողությունները, ինչպես որ շուրջ երեք տասնամյակ յուրովի մեկնաբանել 1993 թ ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հրամցրել այդ մեկնաբանությունները միջազգային հանրությանը։ Զարմանալի չէ, քանի որ սա մի երկիր է, որը հղում է անում ՄԱԿ-ի նույն բանաձևերին՝ արդարացնելու համար 2020 թ․ ուժի կիրառումը, ինչը ՄԱԿ կանոնադրության կոպտագույն խախտում էր։ ՄԱԿ որևէ բանաձև Ադրբեջանին իրավունք չի տվել և չէր էլ կարող տալ պատերազմ սանձազերծել, այն էլ վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ, արգելված զինատեսակների և պատերազմական հանցագործությունների կիրառմամբ, այսինքն՝ միջազգային իրավունքի կոպտագույն ոտնահարմամբ։
2021 թ․ դեկտեմբերի-ն ՄԱԿ Արդարադատության միջազգային դատարանը բավարարել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով գրեթե բոլոր միջանկյալ միջոցների վերաբերյալ պահանջները և մերժել Ադրբեջանի պահանջած միջոցների մեծ մասը։ Դատարանը որոշել է Ադրբեջանին պարտավորեցնել ապահովելու հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունն ու անվտանգությունը, կանխելու Ադրբեջանի պաշտոնյաների եւ հանրային մարմինների կողմից հայերի նկատմամբ ռասայական ատելության ու խտրականության հրահրումը, հայկական մշակութային ժառանգության նկատմամբ վանդալիզմը եւ պղծումը։ Այս բոլոր կետերն Ադրբեջանն ինչպես դատարանի որոշումներից առաջ, այնպես էլ հետո ամենօրյա կտրվածքով է խախտում։
Ռազմական գործողություններն Ուկրաինայում նույնպես ադրբեջանամետ ուժերի կողմից փորձ է կատարվում օգտագործել ընդդեմ Հայաստանի։ Օրինակ, քարոզչական դաշտում լրահոս են նետվում կեղծ և սկանդալային հայտարարություններ (իբր թե Հայաստանն իր ՍՈՒ30 ինքնաթիռներն է ուղարկել Ուկրաինա կամ Հայաստանի տարածքով սիրիացի վարձկաններ են ուղարկվել), որոնք այնուհետև առանց վերստուգվելու զանգվածային տարածում են գտնում, անգամ փորձված նախկին պաշտոնյաների կողմից։ Այնուհետև, երբ դրանց հերքող ապացույցներ են տարածվում, որոշները ջնջում են իրենց մեկնաբանությունները, իսկ որոշները՝ հոգ չեն տանում վերանայելու իրենց կողմից տարածված սուտ տեղեկատվությունը, որը անմիջականորեն ազդում է Հայաստանի վարկանիշի վրա։ Սակայն, պետք է նաև հավելեմ, որ այս նույն մարդիկ գեթ մեկ բառ չեն արտաբերել 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հազարավոր հայեր էին սպանվում։ Չմոռանանք իհարկե «խավիարային դիվանագիտության» ադրբեջանական ավանդույթների մասին, երբ կոռուպցիան արտահանվում էր, արևմտյան մայրաքաղաքներ (ինչը դեռևս շարունակվում է), օգտվելով ժողովրդավարական համակարգում առկա որոշ բացերից քաղաքական գործիչների, լրատվամիջոցների, ազդեցիկ մարդկանց փորձում են իրենց շահերի սպասարկուներ դարձնել։ Այս պահին մի շարք աղաղակող դատական գործընթացներ են ընթանում դրանցից մի մասի դեմ։
Հարց. Վերջերս Carnegie Europe կենտրոնը գրել էր, որ Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո «Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի դիմակայունության ամրապնդումը պետք է դառնա անմիջական առաջնահերթություն»։ Կարծում եք, որ դա անհրաժեշտ է: Որո՞նք են ռիսկերը:

Պատասխան.
Վրաստանի և Մոլդովայի մասին չէի ցանկանալ մեկնաբանել։ Սակայն տարօրինակ է, որ Ադրբեջանը և Հայաստանը որևէ լուրջ մասնագետի կողմից կարող են համատեղ համարվել դիմակայության ամրապնդման բարձրացման համահավասար երկրներ։ Ինչպե՞ս կարող է սպառնալիք հանդիսացող երկիրը և ագրեսիայի ենթարկված երկիրը համատեղ դիտարկվեն որպես դիմակայությունը բարձրացնելու ենթակա երկրներ։ Նման համահավասարությունը նշանակում է, որ Հայաստանն ու Արցախն էլ ավելի խոցելի կարող են լինել ագրեսիվ պահվածքով աչքի ընկնող Ադրբեջանի համար։ Վերջերս մի վերլուծաբան նմանատիպ մոտեցումներին տվել էր դիպուկ գնահատական՝ «տոքսիկ համահավասարեցում»։
Հարց. Նախկին խորհրդային հանրապետությունները հակված են «արևմտականացման»: Վաղ թե ուշ նրանք պետք է ընտրեն՝ կկանգնե՞ն Ռուսաստանի, թե՞ ԱՄՆ-ի կողքին։ Ի՞նչ համատեքստում է շարժվում Հայաստանը։
Պատասխան. Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ռազմավարական դաշնակցային հարաբերություններ։ Սակայն միևնույն ժամանակ, Հայաստանը սերտ համագործակցություն ունի ԵՄ երկրների և ԱՄՆ հետ։ Հայաստանը տարածաշրջանի ամենաժողովրդավարական երկրներից է և բարեփոխումների մեծ օրակարգով է առաջ շարժվում։ Միաժամանակ, անվտանգության իմաստով գտնվելով խիստ փխրուն տարածաշրջանում, Հայաստանը ձգտում է բոլոր բարեկամ երկրների հետ ունենալ հնարավորինս լավ հարաբերություններ։ Քարտեզին նայելով, հասկանալի է, թե աշխարհաքաղաքական իմաստով որքան անկայուն տարածաշրջանում է գտնվում Հայաստանը։ Արտաքին քաղաքականության հավասարակշռվածությունը և գործընկերների կողմից այդ քաղաքականության ընկալումը նաև կարևոր երաշխիք է, որպեսզի ժողովրդավարական հաստատություններն էլ ավելի ամրանան Հայաստանում։ Վերջին բոլոր հարցումները ցույց են տալիս, թե ինչպիսի հաջողությամբ է ժողովրդավարությունը ինստիտուցիոնիզացվում և որքան ժողովրդավարական իմա-ստով հասուն հասարակություն կա մեր երկրում։ Միաժամանակ, հասարակությունը գիտակցելով տարածաշրջանային անվտանգային մարտահրավերները, գիտակցում է, որ Հայաստանը պարտավոր է զգուշավոր հավասարակշռվածություն պահպանելու։
Հարց. Վերջին շրջանում ջանքեր են գործադրվում, որպեսզի Երևանի և Թուրքիայի միջև ձևավորվի կապ։ Կան ոմանք, ովքեր համաձայն չեն: Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է զարգանալ այս մոտեցումն ու ի՞նչ պայմաններում:
Պատասխան. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանը իր բոլոր կառավարությունների օրոք ունեցել է նույն մոտեցումը՝ «հարաբերությունները պետք է կարգավորվեն և հայ-թուրքական սահմանները պետք է բացվեն» առանց որևէ նախապայմանների։ Հայաստանը չի փակել իր սահմանները Թուրքիայի հետ, և Հայաստանը չէ, որ հրաժարվել է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչներն արդեն երկու անգամ հանդիպել են և արձանագրվել է առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու փոխադարձ պատրաստակամություն։ Հանդիպել են նաև ՀՀ և ԹՀ արտգործնախարարները։ Կարծում եմ, որ հարաբերությունների կարգավորումը կնպաստեն տարածաշրջանում լարվածության նվազեցմանը։
Հարց.Պետք է խոստովանենք, որ Ուկրաինայի պատերազմում առաջատար դեր են խաղացել թուրքական անօդաչու թռչող սարքերը, որոնք նաև կիրառվել են արցախյան մարտերում: Ինչպե՞ս եք գնահատում ռազմական գործողությունների այս նոր ձևը:
Պատասխան. Ես ռազմական փորձագետ չեմ և չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչպիսի դեր են խաղացել «Բայրաքթար» անունը կրող անօդաչու սարքերը։
Արցախում դրանք խորհրդանշում են մահ։ Հարյուրավոր հայորդիներ զոհվեցին այդ անօդաչու սարքերի կիրառման հետևանքով։ Այդ անօդաչու սարքերով պատերազմի օրերին ադրբեջանցիները հարվածում էին հատկապես այն տեղերում, որտեղ առկա էին հայերի կուտակումներ։ Այսինքն, նպատակն էր ռազմական ենթակառուցվածքներին զուգահեռ սպանել հնարավորինս մեծ թվով հայերի։ Այնուհետև Ադրբեջանի մայրաքաղաքի տարբեր հատվածներում էկրանների վրա ցուցադրվում էին այդ անօդաչու սարքերով հայերի ոչնչացման կադրերը, ինչը դեհումանիզացիայի բարձրագույն դրսևորումն էր։ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում էին, որ իրենց բնակչությունը վայելք ապրի հայերի սպանդի տեսարաններով և փառաբանի այդ գործողությունները։ Սա մի տեղ հիացմունք, մեկ այլ տեղ՝ սարսափ և զզվանք է առաջացրել։
Բայրաքթարների հետևանքով է նաև, որ ահռելի մեծ թիվ են կազմում անդամալույծները։ Պատերազմի ընթացքում ադրբեջանցի զինվորականները մենամարտերի մեջ չեն մտել։ Նրանց փոխարեն «գործն» արել են Բայրաքթարները, այնուհետև վարձկաններն ի տարբերություն Արցախյան առաջին պատերազմի, երբ արցախահայերը հերոսաբար մարտնչեցին ազատ ապրելու իրենց իրավունքնրի համար և պարտադրեցին խաղաղություն։
Հարց.Ո՞րտեղ են հիմա գտնվում, որ կետում հունա-հայկական հարաբերությունները:
Պատասխան. Հայ-հունական հարաբերությունները ավանդաբար ամուր հիմքեր ունեն։ Միջպետական դիվանագիտական հարաբերություններն ունեն 30 ամյա պատմություն, սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների հետ հարաբերությունների, հույն ժողովրդի հետ հարաբերությունները հազարամյակների պատմություն ունեն, մենք մեկ քաղաքակրթության արյունակից եղբայրներ ենք։ Որպես կանոն, քաղաքական շփումները միշտ եղել են ինտենսիվ, փոխադարձ այցելությունները և փոխադարձ աջակցությունը տարբեր հարթակներում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն մեր հարաբերություններում։ Ռազմական համագործակցությունը նույնպես բավական լավ է զարգանում։ Հունաստանը ՆԱՏՕ անդամ այն երկրներից է, որի հետ Հայաստանն ունի առանձնաշնորհյալ փոխգործակցություն ռազմական ոլորտում։ Տնտեսական, մշակութային և գիտակրթական ոլորտներում հարաբերությունների ընդլայնման ու խորացման մեծ անհրաժեշտություն և հնարավորություններ կան։ Եվ իմ առաքելությունն է, պահպանելով ու զարգացնելով առկա ինտենսիվ երկխոսությունը քաղաքական, դիվանագիտական և ռազմական ոլորտներում, փորձել նոր շունչ բերել մյուս ուղղություններում համագործակցության ուղղությամբ։ Պետք է ընդգծեմ, որ այս ամենում մեծապես նպաստող դեր են խաղացել և խաղալու հունահայ համայնքի տարբեր կառույցներն ու ներկայացուցիչները, որոնք սփռված են ամբողջ Հունաստանում։