Աթենքի խմբագիրների ընկերակցությունում կայացավ փոքրասիական աղետի 100-ամյակին նվիրված ՀՀ դեսպանության կազմակերպած միջոցառումը

0
640
Ապրիլի 4-ին Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում տեղի ունեցավ Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից առաջին միջոցառումը: Միջոցառման գլխավոր բանախոս` Աթենքի Ազգային և Կապոդիստրիասի անվան համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, պարոն Հերվէ ժորժելեն հանդես եկավ «Զմյուռնիա, հունական քաղաք, հայկական քաղաք» թեմայով դասախոսությամբ:
Միջոցառմանը ներկա էին Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության անդամներ, Հունաստանի խորհրդարանի անդամներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության նախագահ տիկին Մարիա Անդոնիադուն: Իր խոսքում տիկին Անդոնիադուն շնորհակալություն հայտնեց Հունաստանում ՀՀ դեսպանությանը` միջոցառման նախաձեռնության համար, ընդգծեց դասախոսության կարևորությունն, անդրադարձավ հունա-հայկական երկարամյա բարեկամությանը:
Ներկաներին ողջունեց ու ելույթով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան պարոն Տիգրան Մկրտյանը: Իր խոսքում դեսպան Մկրտչյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցությանը` միջոցառման անցկացման գործում ցուցաբերված աջակցության համար, շնորհակալություն հայտնեց Աթենքի Ազգային և Կապոդիստրիասի անվան համալսարանի թուրքագիտության ամբիոնի դոցենտ, դասախոս Էրվե ժորժելենին միջոցառմանը մասնակցելու և դասախոսությամբ հանդես գալու համար:
Իր խոսքում դեսպան Մկրտչյանը նշեց որ «հայ ժողովուրդն առանձնահատուկ վերաբերմունք ունի 1922 թվականի իրադարձությունների նկատմամբ, քանի որ նա նույնպես փոքրասիական աղետի պատճառով կորցրեց իր փոքր հայրենիքներից մեկը ու ունեցավ հազարավոր զոհեր։ Եվ այսպիսով, այս փաստը կարելի է համարել, որպես մեր պատմության մեջ արձանագրված ընդհանուր ցավ, հույների և հայերի ընդհանուր ողբերգությունը»։ Դեսպանը հավելեց, որ հայ ժողովուրդը երախտապարտ է հույն ժողովրդին, քանի որ 1922 թվականին գրկաբաց ընդունեց հազարավոր հայ փախստականների:
Միջոցառման գլխավոր բանախոս, պարոն Հերվէ ժորժելենն իր դասախոսության մեջ ներկայացրեց Օսմանյան Կայսրությունում Զմյուռնիա քաղաքի բազմազգության գործոնը, տարբեր ազգերի` ինչպես հայերի, հույների, հրեաների ներդաշնակ համակեցությունը մինչև 1922 թ․ Մեծ աղետը: Նա նշեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայեր գաղթեցին Զմյուռնիա՝ մի քանի տարի անց բախվելով նոր ողբերգության։
Միջոցառումը համակարգեց Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ, լրագրող պարոն Գրիգոր Ցակիձյանը: