Օպերայի հրաշալի ներկայացում Սալոնիկում

0
637

«Դոն Ջովաննի» գլուխգործոց օպերան առաջին անգամ ներկայացվեց Սալոնիկում։ Գլխավոր դերակատարների թվում է նաև հայ անվանի արվեստագետ, սոպրանո Սիրանույշ Չալիքյանը (Սիրանոյշ Չալըքեան)։

Σιρανούς Τσαλικιάν
Սիրանույշ Չալիքյան

Սալոնիկի համերգասրահում առաջին անգամ բեմադրվեց Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ջովաննի» օպերան՝ արեւմտյան մշակույթի կարեւորագույն ստեղծագործություններից մեկը՝ ոգեշնչված հայտնի սրտեր նվաճող Դոն Ժուանի լեգենդով:

Նոյեմբերի 27-ին, դեկտեմբերի 1-ին, 3-ին և 5-ին չորս ներկայացումներով համերգը հյուրընկալվել է Սալոնիկի համերգասրահի բեմում:

Վաստակաշատ ռեժիսոր Միխալ Զնանիեցկիի գլխավորությամբ բեմադրվող օպերային մասնակցում են հայտնի հույն քնարերգուներ և կատարողներ, ինչպես Հունաստանից, այնպես էլ Բուլղարիայից:

Գլխավոր դերակատարների թվում է նաև հայ անվանի արվեստագետ, սոպրանո Սիրանույշ Չալիքյանը (Սիրանոյշ Չալըքեան)՝ Դոննա Աննայի դերում, ով հարուստ ներկայցումներ է ունեցել թե՛ Հունաստանում, թե՛ արտերկրում, օպերային, օպերետային և մյուզիքլի ավելի քան 35 դերերգերով։

Սիրանույշ Չալիքյանը իր դեբյուտը՝ անդրանիկ հրապարակային ելույթը, Ազգային օպերայում կատարել է 1997 թվականին, Ռոսինիի Սևիլիայի սափրիչը (Il Barbiere di Siviglia) օպերայում՝ Ռոզինայի դերում, իսկ 2020-ին մարմնավորել է Դոննա Աննային (Մոցարտի Դոն Ջովաննի): Անցնող տարիների ընթացքում նա հանդես է եկել բազմաթիվ գլխավոր դերերում՝ Ազգային օպերայում, Աթենքի համերգասրահում, Սալոնիկի համերգասրահում և Սալոնիկի օպերայում:

Արվեստագետը կարևոր ներդրում է ունեցել նաև, այս տարվա Ապրիլին Հայոց ցեղասպանության հուշահամերգի կազմակերպման գործում, որտեղ Սալոնիկի պետական նվագախմբի հետ համատեղ ներկայացրել է հատվածներ Խրիստոս Հաջիսի «Լույս Խաչից» ստեղծագործությունից՝ հիմնված հայ եկեղեցական Ավագ Շաբաթվա շարականների վրա, ինչպես նաեւ հայ ականավոր կոմպոզիտորներ՝ Միրզոյանի և Խաչատրյանի ստեղծագործությունները: Համերգը կազմակերպել է Սալոնիկի համերգասրահը՝ Սալոնիկի պետական նվագախմբի հետ համագործակցությամբ, իսկ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը հեռարձակել է Հունաստանի պետական հեռուստատեսությունը:

Համերգ Սալոնիկի Համերգասրահում
Հայոց Ցեղասպանության 106-անժմյակին նվիրված հուշահամերգ Սալոնիկի Համերգասրահում, ապրիլ, 2021թ․

Համերգից փոքրիկ տեսանյութ կարող եք տեսնել այստեղ

Այս կարևոր իրադարձությունն իրականություն դարձավ Սալոնիկի համերգասրահի գեղարվեստական ղեկավար, անվանի արտիստ Խրիստոս Ղալիլեասի նախաձեռնության շնորհիվ, ով մոր կողմից ծագումով հայ է:

Խրիստոս Ղալիլեաս
Խրիստոս Ղալիլեաս