92 տարեկանում մահացել է Հունաստանի նախկին նախագահ Խրիստոս Սարձետակիսը

0
480

Հինգշաբթի օրը 92 տարեկան հասակում Աթենքի «Լաիկո» հիվանդանոցում, մահացել է Հունաստանի նախկին նախագահ (1985-1990թթ.) Խրիստոս Սարձետակիսը։

Առողջական լուրջ խնդիրներ ունեցող Սարձետակիսը դեկտեմբերի 3-ին թոքերի բորբոքմամբ տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժին՝ սուր շնչական անբավարարությամբ։

Սարձետակիսը ծնվել է 1929թ.-ին Սալոնիկում։ 1950թ. ավարտել է Սալոնիկի Արիստոտելի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1955-ին սկսել է մասնագիտական գործունեությունը որպես փաստաբան։

1963թ., Սալոնիկում քննիչ աշխատելով, վարել է մի գործ, որը նրան հայտնի է դարձրել ամբողջ Հունաստանում։ 1963թ. մայիսի 22-ի երեկոյան քաղաքի հրապարակում ծայրահեղ աջ կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքից հետո սպանվեց Միասնական ժողովրդավարական ձախ կուսակցությունից խորհրդարանի պատգամավոր Ղրիղորիս Լամբրակիսը։ Սարձետակիսը վարում էր քննությունը՝ չնայած քաղաքական ճնշմանը, որին ենթարկվում էր, քանի որ վկայություններ էին հայտնվել գործին ոստիկանության, կառավարական շրջանակների եւ թագավորական ընտանիքի հանցակցության մասին։ Հետաքննության արդյունքում, որով ապացուցվեց ոստիկանության հանցակցությունը հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությանը։ Լամբրակիի սպանության և ոստիկանության անմիջական ներգրավվածության մասին բացահայտումների բողոքն այնքան մեծ էր, որ դա հանգեցրեց Կարամանլիսի կառավարության հրաժարականին հանցագործությունից երեք շաբաթից պակաս ժամանակում (1963թ. հունիսի 11), թեև հիմնական պատճառները նրա և Պալատի անհամաձայնությունն էին։

Սարձետակիսի թաղումը տեղի կունենա երկուշաբթի օրը։ Հունաստանում փետրվարի 3-ից երեք օր հասարակական սուգ է հայտարարվել։
Սարձետակիսի մահվան կապակցությամբ Հունաստանում ՀՀ Դեսպանությունը հրապարակել է հետևյալ հայտարարությունը։

«Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը խորը ցավով ու ափսոսանքով տեղեկացավ` Հունաստանի նախկին նախագահ (1985-1990 թթ) Խրիստոս Սարձետակիսի մահվան մասին: Անմոռանալի է Խրիստոս Սարձետակիսի դերակատարությունն ու ավանդը` որպես արդարության և ժողովրդավարության ջատագով` այդ թվում եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
2005 թվականի հունիսի 6-ին հայտնի «TIME» ամսագրին կից շրջանառության մեջ էր դրվել նաև Թուրքիայի Զբոսաշրջության նախարարության չորս էջանոց գովազդային «Թուրքիա, մշակույթների խաչմերուկ» վերնագրով հավելված` մի կոմպակտ սկավառակով:
Տարածված նյութը ապատեղեկատվություն էր տարածում` ներկայացնելով ցեղասպանության ժխտողականության հայտնի թեզերը։
Դեպքի վերաբերյալ Խրիստոս Սարձետակիսը նամակ է գրել «TIME» ամսագրի ղեկավարությանը` Փոքր Ասիայի բնիկ ժողովուրդներին պատճառած թուրքական ավերածությունների եւ սպանդերի մասին։ Նա ընդգծել է, որ սկավառակը մեկուկես ժամ անդրադառնում է Հայկական հարցին ու առանց որևէ ամոթի պնդում է, որ թուրքերն են եղել ցեղասպանության զոհ «ապստամբ հայերի» կողմից` ամբողջովին խեղաթյուրելով և կեղծելով պատմական ճշմարտությունը։ Նա նաեւ անդրադարձ է կատարում թուրքական պատմագիտության խեղաթյուրման այլ արտառոց դեպքերի` բացարձակապես անընդունելի որակելով դրանց տարածումը եվրոպական եւ ամերիկյան մամուլում։
Հունաստանում ՀՀ դեսպանությունը ցավակցում է Խրիստոս Սարձետակիսի ընտանիքի անդամներին, ընկերներին եւ բարեկամներին։
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի։»

Խրիստոս Սարձետակիսի մահվան կապակցությամբ, Հայաստանի ԱԳՆ հրապարակել է ցավակցագիր։