Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը Արցախում մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարություն է հրապարակել

0
1026

Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը հայտարարությամբ է հանդես եկել՝ Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք Աթենքում ՀՀ դեսպանության կայքից:

«Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ:

Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:

Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»,- գրել է Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը:

Հիշեցնենք, Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը 2006-2012 թթ. եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, իսկ 1993 – 1994թթ․ թվականներին ՀՀ-ում Հունաստանի լիազոր և արտակարգ դեսպան: