Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանում է լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին։
Առաջին հարցը վերաբերում էր դեկտեմբերին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության նիստի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը։ Հարցին, թե ինչու են Երևանն ու Բաքուն որոշել օգտագործել հենց այդ հարթակը, որը դուրս է ԵԱՀԿ ՄԽ շրջանակից, վարչապետը պատասխանեց․ «Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակներում ունենալ հանդիպումներ, բանակցություններ Ադրբեջանի հետ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատով, և, ինչպես գիտեք, արտգործնախարարներն այդ ֆորմատում արդեն հանդիպումներ ունեցել են, և մենք ակնկալում ենք, որ նաև Մինսկի խմբի համանախագահությունը կկազմակերպի այդպիսի հանդիպում։
Դեկտեմբերի 15-ի հանդիպումը նույնպես նորություն չէ, որովհետև Եվրամիության նախագահ Շառլ Միշելը դեռևս ամռանը՝ տարածաշրջան կատարած այցի շրջանակներում, ասել էր, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն է տեղի ունենալու դեկտեմբերի 15-ին, և գաղափար առաջարկեց, որ կազմակերպի հանդիպում իմ և Ադրբեջանի նախագահի միջև»։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների շփումները պետք է լինեն ավելի հաճախ, որպեսզի կարողանան իրադրությունը կարգավորել, լուծումներ գտնել և փորձել խուսափել ճգնաժամերից։
Անդրադառնալով Բրյուսելում կայանալիք հանդիպումից ակնկալվող հարցերին՝ վարչապետը նշեց․
«Մենք կփորձենք տարբեր տարբեր ֆորմատներում քննարկվող օրակարգերը չխառնել մեկը մյուսին։ Կարծում եմ, որ Բրյուսելում քննարկվող հարցերից մեկը կլինեն հումանիտար հարցերը, այդ թվում՝ գերիների հետ կապված հարցերը։ Ընդհանուր ԵՄ-ի, Արևելյան գործընկերության շրջանակում մեր հարաբերությունների և փոխհարաբերությունների հարցերը կքննարկենք։ Նաև ընդհանուր կոնտեքստային քննարկում կլինի, և ես չեմ կարծում, թե ամեն կոնկրետ հանդիպումից արագ արդյունքների ակնկալիք պետք չէ ձևավորել»։
Փաշինյանի խոսքով՝ տարածաշրջանում կա լարվածություն, և լարվածությունը հաղթահարելու համար պետք է օգտագործել բանակցությունների հնարավորությունները։
«Նոյեմբերի 26-ին նաև Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ Սոչիում է տեղի ունենալու հանդիպում, բայց այդ հանդիպման շուրջ խոսակցություններն ավելի վաղ են սկսվել։ ԵՄ խորհրդի նախագահի հետ հեռախոսազրույցների ընթացքում զուգահեռ ևս մի նախաձեռնություն ի հայտ եկավ․ խոսքը պաշտպանության նախարարների միջև հաղորդակցության ուղիղ կապ ստեղծելու մասին է, որի նպատակը միջադեպերի կանխարգելման փորձ անելն է։ Ես ինքս համաձայնություն եմ տվել այդպիսի կապի ստեղծմանը, և պետք է հուսալ, որ այդ կապը կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը»,- նշեց վարչապետը։