Դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

0
660

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի խոսքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, բարեկամներ,
Այսօր՝ 1915 թվականի ողբերգական իրադարձություններից 107 տարի անց, մենք՝ հայերս և ողջ առաջադեմ մարդկությունը խնկարկում է հիշատակը մեր սրբադասված նահատակների: Ինձ համար մեծ պատիվ է այս կարևորագույն օրը լինել ձեր կողքին ոչ միայն որպես հայ ժողովրդի զավակ Տիգրան Վանիկի Մկրտչյան, այլև՝ որպես Հայաստանի Հանրապետության դեսպանը Հունաստանում. մի երկրում, որի հայկական գաղթօջախի մի մեծ մասը ձևավորվել է ցեղասպանությունից փրկվածների, մեկ այլ մասն էլ՝ ցեղասպան քաղաքականության շարունակությունը հանդիսացող Փոքրասիական աղետի հետևանքով ներգաղթածների ժառանգների շնորհիվ, մի երկրում, որի ժողովուրդը հայերիս հետ կիսում նման ճակատագիր և ամենալավն է պատկերացնում դրա ողբերգականությունը:

Դարից ավել է անցել այն օրերից, երբ Օսմանյան կայսրության պարագլուխներն, օգտվելով Առաջին աշխարհամարտի իրողությունների ընձեռնած հնարավորություններից, որոշեցին, որ հազարամյակներ շարունակ սեփական հայրենիքում ապրած, արարած, մշակութային ու հոգևոր արժեքներ ստեղծած հայն այլևս չպետք է ապրի ու, առավել ևս, չպետք է ապրի սեփական հայրենիքում: Տեղի ունեցավ հայրենազրկում, որը հայի ճակատագիրը սև գծով բաժանեց 1915-ից առաջի և հետոյի՝ հայի հայացքը հավերժ սևեռելով Արարատին:

Դարից ավել է անցել այդ օրերից. ժամանակները փոխվել են ու, ցավոք, չեն բարելավվել: Ցեղասպանության կազմակերպիչ մարդատյացները մինչ օրս ոչ միայն գոնե հետմահու չեն ստացել իրենց արժանի դատավճիռը, այլև նույնիսկ այս «մարդասեր» հռչակված 21-րդ դարում ոգեկոչվում են, փառաբանվում, իսկ ցեղասպանությունը շարունակվում է ագրեսիվորեն ժխտվել այն գործած պետության իրավահաջորդի՝ Թուրքիայի կողմից: Ու հենց այդ ժխտողականությունն է ստիպում այսօր հային Հայաստանի Հանրապետությունում, Արցախում ու աշխարհի չորս անկյուններում պայքարել հանուն պատմական արդարության, հանուն ցեղասպանության մաս հանդիսացող ժխտողականության պարտության ու հանուն ցեղասպանության նման սարսափելի և համամարդկային ողբերգությունների կրկնության բացառման՝ հաճախ նաև առերեսվելով նոր էթնիկ զտումների սպառնալիքների:

Այդ պայքարի շրջանակներում, ի թիվս այլ ուղղությունների, Հայաստանը Հունաստանի, Կիպրոսի և մի շարք այլ բարեկամ երկրների հետ միասին ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ աշխատում է նաև իրավական դաշտում, ինչի շոշափելի արդյունք էր այս տարի ապրիլի 1-ին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում «Ցեղասպանության կանխարգելման» Հայաստանի նախաձեռնած հերթական բանաձևի պատրաստումն ու կոնսենսուսով ընդունումը: 2008, 2013, 2015 և 2018 թվականների նմանօրինակ բանաձևերից հետո այն թվով հինգերորդն է, ինչն ի ցույց է դնում Հայաստանի՝ ցեղասպանության կանխարգելման պայքարում հետևողական լինելը։ Այս համատեքստում արժանահիշատակ է նաև 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունված բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»։

Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցեղասպանության դատապարտումը, հիշատակումը, համաձայն վերոհիշյալ բանաձևերի՝ ցեղասպանության կանխարգելման երեք հենասյուները՝ վաղ նախազգուշացումը, մարդու իրավունքների պաշտպանությունը և հանրային իրազեկվածության բարձրացումը ուղղված են, նախևառաջ, հնարավոր նոր ցեղասպանությունները կանխելուն:
Այսօր մենք ականատեսն ենք լինում խոսքի ազատության իրավունքի իրականացման պատրվակով ատելության հրահրման, ռասիզմի և անհանդուրժողականության տարածման, ցեղասպանության ու մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության քողարկման փորձերի, այդ թվում և սոցիալական ցանցերով։ Հայ ժողովրդի պատմության ժխտում և այլասերում, հայկական մշակութային ժառանգության ոչնչացում, սարսափելի մասշտաբների հասնող հակահայ քաղաքականություն, այդ թվում հայերի դեմ հանցագործություններ գործածների շարունակական հերոսացում և անչափահաս երեխաների մեջ հակահայ զգացողությունների ներարկում… Սրանք երևույթներ են, որոնց մենք ականատես էինք ոչ միայն մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում, այլ վերջին տասնամյակներում Ադրբեջանի վարած քաղաքականության արդյունքում: Եվ նաև հենց այս երևույթների դեմ միջազգային հանրության ոչ համարժեք արձագանքը ձևավորեց այն ցեղասպան միջավայրը, որը հանգեցրեց 44-օրյա պատերազմի աղետին: