Դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի խորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

0
522
Փետրվարի 16-ին Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց խորհդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կոնստանտինոս Գյուլեկասի հետ։
Հանդիպմանը քննարկվեցին երկու խորհրդարաններում բարեկամական խմբերի ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը։ Դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնայնությունները։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձավ Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ ուղղված ադրբեջանական ոտնահարումներին, որոնք ըստ էության հանդիսանում են Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կոպտագույն խախտումներ և պետք է մեծամես մտահոգեն միջազգային հանրությանը։
Կոնստանտինոս Գյուլեկասը բարձր գնահատեց հունահայ համայնքի դերը հայ-հունական հարաբերություններում՝ հատուկ անդրադառնալով հյուսիսային Հունաստանի հայ համայնքին։ Դեսպանը նշեց, որ հայ համայնքի հետ միասին Հունաստանում ՀՀ դեսպանությունը մի շարք միջոցառումներ է նախատեսում անցկացնել տարվա ընթացքում՝ նվիրված Մեծ աղետի, ինչպես նաև հունահայ համայնքի ձևավորման 100-ամյակներին։
Կարևորվեցին երկկողմ քաղաքական հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու, փոխադարձ այցեր կազմակերպելու, տնտեսական հարաբերություններին նոր թափ տալու քայլերը։