Նինա Խաչիկյանը նշանակվել է Պենտագոնի Քաղաքականության խորհրդի անդամ

0
542

Լոս Անջելեսի քաղաքապետի միջազգային հարցերով առաջին տեղակալ Նինա Խաչիկյանը (Nina Hachigian) նշանակվել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության Քաղաքականության խորհրդի անդամ։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայկական Համագումարը (ԱՀՀ) ընդգծելով, որ խորհրդում ընդգրկված են այնպիսի հեղինակավոր գործիչներ, ինչպիսիք են ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Մադլեն Օլբրայթը և Հենրի Քիսինջերը։

Դիվանագետ և քաղաքական գործիչ  Խաչիկյանը բեղմնավոր կարիերա է վարել, ավելի վաղ նա եղել է Հարավարևելյան Ասիայի պետությունների ընկերակցությունում (ASEAN) Միացյալ Նահանգների դեսպանը, իր ծառայության համար արժանացել է Պետդեպարտամենտի Պատվո բարձրագույն մրցանակին։ 2012 թվականի նախագահական ընտրարշավում, Խաչիկյանը Բարաք Օբամայի թիմում Ասիական քաղաքականության գծով համանախագահն էր, 1998-99 թվականներին՝ Բիլ Քլինթոնի նախագահության օրոք, աշխատել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում, ընդգրկվել է հետազոտական կենտրոններում, գրքերի, զեկույցների և հոդվածների հեղինակ է։ Խաչիկյանը Ամերիկային ծառայող կին դեսպանների ընկերակցության հիմնադիրն է, որում ընդգրկված են ավելի քան 200 գործող և նախկին դեսպաններ, մի շարք այլ կազմակերպությունների համահիմնադիր, խորհուրդների անդամ է, նշում է Ամերիկայի Հայկական Համագումարը։